ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Մնամ նամակիդ սպասող, պարոն Աշոտյան

Մնամ նամակիդ սպասող, պարոն Աշոտյան
16.11.2012 | 12:23

…Փող, փող և դարձյալ փող։ Որքան շատ, այնքան հաստլիկ բյուջե։ Որքան մեծ մուտքեր, հավաքագրումներ ու եկամուտներ, նույնքան էլ հատկացումներ, ծախսեր։ Սրանից պարզ բան կա՞։ Չկա։ Գիտեն, բայց չեղավ մի օր, որ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիրներն ու դիմադիրներն ինքնապաստանությունը մի կողմ թողած ողջամիտ գտնվեին. ԱԺ-ի քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչներն այս ընթացքում ամեն ինչ արեցին (մնացածը թողնելով քվեարկությանը)` ցույց տալու համար, որ իրենք շատ ավելի խելացի են, քան մյուսները, և գիտեն ռեզերվներ, որոնց հաշվին կարելի է շոշափելի բարեփոխումներ կատարել, բարձրացնել թոշակները, նվազագույն աշխատավարձը... ավելացնել գիտության զարգացմանն ուղղված հատկացումները։ Մեծամասնությունն էլ «երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած», անուղղակիորեն հասկացնում է իր դիրքային առավելությունն ու անսխալականությունը։ Տարաձայնության մեջտեղում, եթե, օրինակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը մնում է անդրդվելի` գիտության ֆինանսավորման և բաշխման հետ կապված հարցերում և խիստ բացասական կարծիք ընդգծում, ապա ՀՀԿ-ական Արտյոմ Ասատրյանը երևի թե միակն էր, որ անթաքույց և շիտակ վերաբերմունք ցուցաբերեց. «Որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իհարկե, ես էլ կուզեի, որ նվազագույն աշխատավարձը, թոշակները բարձր լինեին։ Նման ցանկություն բոլորս ունենք։ Բայց հնարավորությունների խնդիր է։ Եթե կառավարությունն այդ ուղղությամբ չի դիմում մեծ քայլերի, նշանակում է` չկա համապատասխան ռեզերվ»։ Սրանից պարզ բան կա՞։ Չկա։ Գիտեն, հասկանում են բոլորը, բայց քաղաքական պատվախնդրությունը ստիպում է, որ մեր պատգամավորները ժամանակ առ ժամանակ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևան ու տեղն ընկած տեղը միմյանց ոսկեղենիկ խորհուրդներ տան. «Ես համամիտ չեմ Ձեր տեսակետին և կարծում եմ, որ մենք գիտության ասպարեզում պարտավոր ենք ավելացնել հատկացումները»։
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին ի պատասխան, Արմեն Աշոտյանն անմիջապես անցավ բացատրության. «Գիտությունը միայն փողով չէ, որ կարելի է խթանել։ Ժամանակն է, որ մենք փոխենք մեր պատկերացումները գիտնականի նկատմամբ։ Նա պետք է կարողանա իր արտադրանքը արտահանել, իր հնարավորություններն իրացնել նաև դրսում»։
Ժամանակին համահունչ մտածող մեր կրթության և գիտության նախարարին պետք չէ հակադրվել զուտ հակադրվելու համար։ Այո՛, գիտնականի արտադրանքը չի սահմանափակվում թղթապանակներով, կյանքի կոչվելու համար կան բավարար խոչընդոտներ, դեֆիցիտային բաղադրիչներ... Մեր մարզիկները բա ինչպե՞ս են հաղթահարում դժվարությունները. ինքնակայացումը օտար երկրների դրոշների ներքո ցավագին ընդունելն այլևս հարգի չէ։
Փող, փող և դարձյալ փող։ Փողը, ինչպես ժամանակին մեզ էին սովորեցրել, ձեռքի կեղտ է, և դա միակ խթանիչը չէ գիտության համար։ Բայց առանց փողի ինչպե՞ս կարելի է պահել-պահպանել խորհրդային տարիներից ժառանգություն մնացած 140 գիտական հիմնարկները, կենտրոնները և համանման այլ օջախներ։ Սա այն հարցն է, որ Արմեն Աշոտյանն առարկելու ոչինչ չունի, անիմաստ է նույնիսկ «քչփորել» միտքդ, որպեսզի խելքին մոտ մի բան մոգոնես։ Պարզվում է` ոչ։ Կա՛ տարբերակ։ Եվ դա հարցին հարցով պատասխանելն է. «Իսկ դուք նայե՞լ եք ծախսային մասը, գիտե՞ք, թե ինչպես են օգտագործվում տրվող գումարները»։
Հիշելով չինական հայտնի ասացվածքը` «Եզներին եղջյուրներից են բռնում, մարդկանց` խոսքերից», ԿԳ նախարարին «բացելու» փորձ արեցի. «Պարոն Աշոտյան, Ձեր մեկնաբանությունից կարելի է հետևություն անել, որ բյուջեով նախատեսվող գումարները ոչ միշտ են նպատակային օգտագործվում, առկա են նաև կոռուպցիոն ռիսկեր...»։
-Դուք երկար պատասխան սպասող հարց եք տալիս, որին ես հիմա, ոտքի վրա պատասխանել չեմ կարող։ Գրավոր դիմեք ինձ ու ես գրավոր կպատասխանեմ,- խոստացավ Արմեն Աշոտյանը։
Ստացվում է Արկադի Ռայկինի ասած տարբերակը` «Տեղեկանք տուր, որ տեղեկանք տամ»։
Իմ մասով համարենք արդեն տված։ Մնամ նամակիդ սպասող, պարոն նախարար։


Հարգանքներով`
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ